Դռնփակ (Ժան Պոլ Սարտր)
Դռնփակ ֆր.՝ Huis clos | |
---|---|
Հեղինակ | Ժան Պոլ Սարտր |
Տեսակ | պիես մեկ գործողությամբ և գրական ստեղծագործություն |
Ժանր | պիես |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն և վալլիերեն |
Կերպար(ներ) | Q60728196?, Joseph Garcin?, Inès Serrano? և Estelle Rigault? |
Ստեղծման տարեթիվ | 1944 |
Էջեր | 65 |
Երկիր | Ֆրանսիա և Ուելս |
Հրատարակիչ | University of Wales Press? |
Հրատարակման տարեթիվ | 1947 և հունվարի 1, 1979 |
Առաջնախաղի տարեթիվ | մայիսի 27, 1944 |
Huis clos (Sartre) Վիքիպահեստում |
Դռնփակ (ֆր.՝ Huis clos, անվան այլ տարբերակներ` «Փակ դռների հետևում, «Ելք չկա»), Ժան Պոլ Սարտրի պիեսը մեկ արարով (1943): Ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է ֆրանսիական «Վյո Կոլոմբյե» թատրոնում 1944 թվականին։ Սարտրի ամենահայտնի պիեսներից մեկն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրագրող Գարսենը, մեծահարուստ Էսթելն ու փոստային ծառայող Ինեսը մահից հետո ընկնում են դժոխք` փակ տարածություն։ Կենդանության օրոք Գարսենը հինգ տարի շարունակ ծաղրել է իր կնոջը, իսկ որոշիչ պահերին իրեն վախկոտի պես է պահել, լեսբուհի-մտավորական Ինեսն իր զարմիկից խլել է նրա ընկերուհուն, ինչից հետո զարմիկն ինքնասպան է եղել` տրամվայի տակ նետվելով, իսկ աղջիկը վշտից գազով թունավորել է իրեն ու Ինեսին։ Գրավիչ Էսթելն սպանել է իր երեխային և մահվան է հասցրել իր սիրեցյալին` երկար տարիներով դավաճանելով ամուսնուն, ում հետ փողի համար էր ամուսնացել։ Միևնույն ժամանակ` նրանցից և ոչ ոք չի զղջում իր արածների համար։ Երեքն էլ գիտեն, որ դժոխքում են և պատրաստվում են վատթարագույնին. սակայն նրանց սպասվող տանջանքներն ու ֆիզիկական ցավը զգալի չեն, զգալի է միայն թեթև տաքություն։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում է պարզել, թե մյուսներն ինչու են այստեղ հայտնվել` միևնույն ժամանակ թաքցնելով սեփական պատմությունը։ Շատ շուտով հերոսները սկսում են հասկանալ, որ դժոխային տանջանքները հենց այդ փոխադարձ խաբեության մեջ են։ Նրանք ոչ կարող են հեռանալ միմյանցից, ոչ սպանել իրար, քանի որ բոլորն արդեն մեռած են։ Եվ այդ «մերձավորի տանջանքը» տևելու է հավերժ...
Պիեսը բաղկացած է միայն մի արարից, դրա համար պետք է միայն մեկ դեկորացիա։ Խաղում են չորս կերպար, որոնցից մեկը` Միջանցքի հսկիչը, հայտնվում է միայն մի քանի դրվագներում։ Գործողությունը տեղի է ունենում փակ տարածության մեջ, առանց պատուհանների ու հայելիների հյուրասենյակում։ Շատ արագ պարզվում է, որ այդ սենյակը գտնվում է դժոխքում։ Միջանցքի հսկիչը հերթով ներս է բերում նրանցից յուրաքանչյունին։ Նրանք բոլորն էլ որոշ ժամանակ կարողանում են տեսնել, թե ինչ է կատարվում երկրի վրա։ Միայն այն ժամանակ, երբ նրանց մահվան հետ կապված իրադարձությունները սպառվում են, նրանք կորցնում են այդ կարողությունը։ Առաջինը հայտնվում է Գարսենը, հետո` Ինեսը, այնուհետև` Էսթելը։ Ի սկզբանե Գարսենն ընկալվում է որպես կոմիկ կերպար. նախ նա փորձում է պարզել, թե որտեղ է փուռը, այնուհետև` ինչո՞ւ իրենից խլեցին ատամի խոզանակը։ Սակայն պիեսի ընթացքում, երբ կերպարներն իմանում են միմյան երկրային անցյալի մասին, հերոսի կերպարը նկարազարդվում է այլ գույներով։ Ինչպես Գարսենը, այնպես էլ երկու տիկնայք, երկու էություն ունեն։ Անցյալում հավերժ մնացած երկրայինն ու ներկայիս անդրգերեզմանայինը, որտեղ նրանք գոյություն ունեն միայն միմյանց ու Միջանցքի հսկիչի համար։ Գարսենը ոչ մի կերպ չի կարող փոփոխել իր երկրային գոյությունը. «դժոխային» իրադրությունը յուրահատուկ է նրանով, որ այն հերոսներին դնում է անազատության մեջ, որն, ըստ Սարտրի, հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդը չկա։ Հերոսները «կան» (անդրշիրիմյան աշխարհում), սակայն մյուս կողմից, նրանք նաև «չկան» (մարդկային աշխարհում)։ Նրանք գոյություն ունեն միայն «իրենք իրենց համար», սակայն սպառել են Իրավիճակով ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը. սա մի իրավիճակ է, երբ հնարավոր է միայն հասկանալ դրդապատճառներն ու որոշել սեփական կյանքի դիմագիծը։ Իսկ Գարսենի դիմագիծը, պարզվում է, հաճելի չէ. նա դաժանորեն ծաղրել է իր համեստ կնոջը, իսկ վերջինս փորձել է ինքնասպան լինել։ Նա խաղաղասիրական թերթ էր հրատարակում, սակայն երբ իր երկիրն իսկական ռազմական գործողություններ է սկսում, նա փորձում է փախչել, սակայն նրան բռնում են ու գնդակահարում։ «Վախկոտ», բնորոշում է նրան Ինեսը, և հիմա նրա անդրշիրիմյան կյանքը մի նպատակ ունի. ապացուցել նրան, որ դա այդպես չէ։ Սակայն ինքն էլ ի վիճակի չէ բացատրել, թե ինչով էր պայմանավորված նրա այդ «ազատության պոռթկումը»` փախուստի փորձը, որն այդքան տխուր ավարտ ունեցավ։ Այստեղ ակնհայտ է դառնում կամքի և ազատության զսպման միջև եղած հակամարտությունն անգամ մահվան ու դրանից փախուստի միջոցով, որը ևս մահվան է բերում, սակայն ապրած կյանքն ամբողջովին անիմաստ է դարձնում։ Հերոսները միմյանց կապված են դառնում, և երբ որ անգամ Գարսենը դուրս գալու հնարավորություն է ունենում, մնում է։ Այս կյանքում ևս ընտրությունը հնարավոր է դառնում, սակայն այն ի զորու չէ որևէ կերպ ազդել արդեն կայացած կյանքի վրա, որտեղ երեք հերոսներն էլ իրենց լավագույն ձևով չեն դրսևորել ու այսօր դատավորներ են դարձել միմյանց համար։
Էսթելը չի ցանկանում խոստովանել, որ սպանել է սիրեկանից ունեցած իր երեխային, իսկ սիրեկանն ինքնասպան է եղել։ Նա ցանկանում է պատկերացնել, թե իբր իրենք բոլորն այստեղ սխալմամբ են ընկել, իսկ իր հիշողությունները փորձում է մոռանալ։ Մոռանալու համար նրան տղամարդ է պետք, սակայն Գարսենի հետ սիրային հարաբերություններ ստեղծել չեն հաջողվում, քանի որ նրանք չեն կարող ազատվել Ինեսի ներկայությունից։ Ինեսն իր հերթին առաջարկություն է անում Էսթելին, ով մերժում է նրան։ Պարզվում է, որ բոլոր կերպարներն իրար սերտ կապված են և հասկանում են դժոխային այն ճկուն խաղը, որ խաղացվել է նրանց գլխին։ Պիեսի գործողությունները պտտվում են այն մտքի շուրջ, որ նախկինում արդեն ապրած կյանքում հերոսները չեն կարողացել իրականացնել իրենց ազատությունը, և դրա գիտակցումն էլ, ըստ Սարտրի, հենց դժոխային տանջանքն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դռնփակ (Ժան Պոլ Սարտր)» հոդվածին։ |
|